Ի՞նչ է կիբեռսպորտը․ Բացահայտի՛ր կիբեռսպորտի աշխարհը
Նկարագրություն
«Ի՞նչ է կիբեռսպորտը»․ «ԿիբեռՍտեմի» առաջին փոդքասթում բացահայտում ենք կիբեռսպորտի հիմնական էությունը։ Պարզում ենք, թե ինչպես սովորական համակարգչային խաղերը վերածվեցին պրոֆեսիոնալ սպորտի և ինչու են միլիոնավոր մարդիկ հետևում կիբեռսպորտային մրցաշարերին։ Փոդքասթի ընթացքում կծանոթանանք նաև ոլորտի վերջին նորություններին և կսովորենք տեսախաղերում հաճախ օգտագործվող հիմնական տերմինները։ Անկախ նրանից՝ փորձառու խաղացող եք, թե նոր եք հետաքրքրվում այս ոլորտով, այս էպիզոդը կօգնի ավելի լավ հասկանալ կիբեռսպորտի աշխարհը։
Կիբեռսպորտի բառարան
MVP - «Most valuable player», բառացի թարգմանությամբ՝ ամենաարժեքավոր խաղացող: Այն կոչում է թիմային խաղերում, որը խաղի վերջում տրվում է նրան, ում անհատական կատարումը լավագույնն է եղել: MVP-ն նաև մրցանակ է, որը տրվում է առաջնության լավագույն խաղացողին:
HP - «Health points» կամ «hit points», բառացի թարգմանությամբ՝ առողջության կետեր կամ հարվածային կետեր, հապավումը՝ «HP»: Խաղերում միավոր է, որը որոշում է օբյեկտի վնասի առավելագույն չափը: Եթե HP-ի ընթացիկ թիվը հասնում է զրոյի, ապա օբյեկտը մահանում է:
NPC - «Non-player character»՝ չխաղացող կերպար: Այն տեսախաղում չի վերահսկվում որևէ խաղացողի կողմից: Փոխարենը համակարգչի կողմից է կառավարվում: Այն ունի կանխորոշված վարքագիծ, որը կարող է ազդել խաղի արդյունքի վրա:
XP կամ EXP - «Experience points», բառացի թարգմանությամբ՝ փորձառության միավորներ: XP-ն չափման միավոր է, որը ցույց է տալիս խաղացողի կերպարի կյանքի փորձը և առաջընթացը խաղի ընթացքում: Փորձի միավորները, սովորաբար, տրվում են խաղի առաջադրանքները կատարելու և խաղերը հաղթելու դեպքում:
Noob, newbie - Սա ժարգոնային տերմին է տեսախաղում, որ նկարագրում է նորեկներին կամ վատ խաղացողներին: «Նուբ» բառը խաղացողները սովորաբար որպես վիրավորանք են օգտագործում:
Մանրամասները՝ փոդքասթում։
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

