ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտները նվաճել են ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի ուղեգիր

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հերթական անգամ հաստատում է իր կարգավիճակը՝ որպես տաղանդների ձևավորման կարևոր հարթակ։ Վառ ապացույցն են Էմիլ Հարությունյանն ու Գառնիկ Գավալջյանը, որոնք հաջողությամբ հաղթահարել են ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական ընտրական փուլը՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականները։ Ձեռք բերված արդյունքի շնորհիվ երկու աշակերտներն էլ ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում։ Հուլիսի 4-12-ը նրանք Կոլումբիայի Հանրապետությունում անցկացվելիք Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում կներկայացնեն Հայաստանը։
Աշակերտների այս հաջողության հիմքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում իրականացվող երկարամյա և հետևողական աշխատանքն է։ Դպրոցում գործող ֆիզիկայի օլիմպիական խմբակը տարիներ շարունակ նպաստում է ոչ միայն առարկայական գիտելիքների խորացմանը, այլև հետազոտական մտածողության, աշխատասիրության, մրցակցային ոգու և նպատակասլացության ձևավորմանը:
Իհարկե, նման արդյունքի համար առանցքային է ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավարներ Ալֆրեդ Պետրոսյանի, Հովսեփ Կարապետյանի, Արտյոմ Գասպարյանի և Արսեն Ասատրյանի նվիրված ու պատասխանատու աշխատանքը, ինչի շնորհիվ ձևավորվել է ուժեղ և մրցունակ թիմ:
Հովսեփ Կարապետյան, Երևանի ավագ դպրոցի օլիմպիադայի խմբավար. «Այս արդյունքին հասնելու համար մենք յուրահատուկ նախապատրաստական աշխատանք չենք կատարել, այլ պարզապես կայուն ու հետևողական ձևով շարունակել ենք մեր պարապմունքները։ Էմիլն ու Գառնիկը երեք տարի անդադար սովորել ու աշխատել են, և այս հաջողությունը նրանց ջանքերի տրամաբանական արդյունքն է։ Իհարկե, այս տարիների ընթացքում եղան դժվարություններ, նաև ձախողումներ, բայց նրանք պատվով հաղթահարեցին ամեն ինչ և, որ ամենակարևորն է՝ չհուսահատվեցին»։
Հովսեփի խոսքով՝ խմբավարները, բացի առարկայական գիտելիքից, փորձում են փոխանցել նաև կամքի ուժ, որպեսզի հնարավոր անհաջողությունից հետո տղաները կարողանան նույն, կամ էլ ավելի մեծ եռանդով շարունակել իրենց ճանապարհը։
Գառնիկ Գավալջյանի համար ֆիզիկայի աշխարհը բացահայտվել է Պոլիտեխնիկի Ավագ դպրոց ընդունվելու նախապատրաստական շրջանում, իսկ հետագայում դարձել նրա մասնագիտական հետաքրքրությունների առանցքը: «Ֆիզիկայի հետ առաջին անգամ խորությամբ ծանոթացա իններորդ դասարանի վերջում։ Սկզբում այն ավելի շատ ընկալում էի որպես ինժեներական առարկա։ Տասներորդ դասարանում սկսեցի հաճախել ֆիզիկայի խմբակներ, հետաքրքրությամբ ուսումնասիրում էի խնդիրները, սակայն դեռևս բավարար չափով չէի զբաղվում դրանց լուծմամբ, ինչի պատճառով չկարողացա հաղթահարել օլիմպիադայի դպրոցական փուլը։ Այդ անհաջողությունը, սակայն, դարձավ նոր սկիզբ։ Հասկացա, որ ֆիզիկան հենց այն ոլորտն է, որով ցանկանում եմ զբաղվել կյանքում, և սկսեցի ավելի ակտիվ ներգրավվել օլիմպիական շարժման մեջ»:
Իր հասակակիցներին Գառնիկը խորհուրդ է տալիս նախ իրենց առջև դնել հստակ նպատակ, ճիշտ գնահատել ժամանակն ու ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ նպատակին հասնելու համար, և, որոշման կայացման դեպքում հնարավորին շուտ սկսել շարժվել դեպի այն:
Էմիլ Հարությունյան. «Առաջիկա միջազգային օլիմպիադան նոր հնարավորություն է՝ արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանը և արդարացնելու հավաքականի անդամի պատասխանատվությունը: Անցած տարվա փորձը հաշվի առնելով՝ մեծ պատասխանատվություն եմ զգում։ Ընտրական փուլերի բարդությունը գրեթե նույնն էր, սակայն յուրաքանչյուր փուլ ուներ իր առանձնահատկությունը։ Կարծում եմ՝ հենց այդ ոճային տարբերությունների պատճառով էր, որ հավակնորդների կազմը փուլ առ փուլ փոփոխվում էր։ Ամենահետաքրքիր պահը երրորդ փուլից հետո էր, երբ պետք է իմանայինք Հայաստանի հավաքականում ընդգրկված մեր ընկերների անունները:
Կոլումբիայում կայանալիք օլիմպիադայից Էմիլը իր և հավաքականի հաջող ելույթ է ակնկալում։ Միաժամանակ սպասում է հետաքրքիր հանդիպումների ու միջոցառումների, քանի որ պատմության մեջ առաջին անգամ է, որ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան անցկացվում է այդ երկրում:
Պոլիտեխնիկը հաջողություն է մաղթում Հայաստանի հավաքականին ու իր սաներին:



