Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթին

Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով
Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթին

Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթին։ Այս մասին  STEMNEWS.am–ը տեղեկանում է պոլիտեխնիկական համալսարանից։


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը մասնակցել է Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ին (ASSF)՝ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է «Ջրի հետերոգեն նուկլեացիայի և մթնոլորտային ջրի հավաքման ուժեղացում՝ ծակոտկեն կերամիկական սուբստրատի վրա գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ» խորագրով գիտական նախագիծը։ Աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակին՝ որպես նորարարական և կիրառական բարձր արժեք ունեցող աշխատանք։

 

Իր երկարատև և նվիրված գիտական աշխատանքի արդյունքում Ալբերտ Շահինյանն ընտրվել է որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ մասնակցելու Regeneron International Science and Engineering Fair (ISEF) հեղինակավոր միջազգային գիտական մրցույթին, որը կանցկացվի ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։

 

Regeneron ISEF-ը աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր դպրոցական գիտական մրցույթն է, որին մասնակցում են տարբեր երկրների լավագույն երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով նորարարական նախագծեր գիտության և տեխնոլոգիաների լայն շրջանակում։ Մրցույթն ընդգրկում է 22 ոլորտ, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-8 ենթաոլորտ՝ ֆիզիկայից և ինժեներությունից մինչև կենսաբանություն և այլ կիրառական գիտություններ։

 

ASSF 2026 փառատոնն աչքի է ընկել մասնակիցների բազմազանությամբ և բարձր մրցակցային մակարդակով։ Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 97 հայտ՝ 81 թիմային և 15 անհատական, որոնցում ընդհանուր առմամբ ընդգրկված է եղել 177 սովորող։ Եզրափակիչ փուլ է անցել 78 նախագիծ՝ 63 թիմային և 14 անհատական, 140 մասնակցի ներգրավվածությամբ, որոնցից 24 նախագիծ ներկայացրել են Երևանի, իսկ 54-ը՝ մարզային ուսումնական հաստատությունները։

 

Փառատոնում նախագծերն ընդգրկել են հինգ հիմնական անվանակարգ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ), «Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ), «Քիմիա» (18 նախագիծ), «Կենսաբանություն» (18 նախագիծ) և «Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)։

 

Ալբերտ Շահինյանի հետազոտությունը նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting – AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։ Աշխատանքի շրջանակում կիրառվել է նորարարական, սակայն տեխնոլոգիապես մատչելի մոտեցում. գրաֆենի բազմաշերտ կառուցվածքները ստացվել են մեխանիկական շփումային էքսֆոլիացիայի եղանակով և տեղադրվել ծակոտկեն կերամիկական մակերեսի վրա, որից հետո վերահսկվող խոնավ միջավայրում իրականացվել են փորձարարական չափումներ, հաշվարկվել են ցողի կետը, գոլորշու ճնշումները և կոնդենսացիայի պայմանները։ Փորձարարական արդյունքները ցույց են տվել, որ գրաֆենային նանոշերտերի կիրառումը կրկնապատկում է ջրի հավաքման արդյունավետությունը, թույլ է տալիս համակարգին գործել ավելի ցածր խոնավության պայմաններում և զգալիորեն նվազեցնում է ջրի կաթիլների առաջացման էներգետիկ արգելքը, ինչը հատկապես կարևոր է ջրային ռեսուրսներով սակավ տարածաշրջանների համար։

 

ԱՄՆ մեկնելուց առաջ Ալբերտ Շահինյանը իր հետազոտական նախագիծը ներկայացրել է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական ժյուրիին։ Ներկայացումն իրականացվել է փորձագիտական քննարկման ձևաչափով, որի ընթացքում գնահատվել են աշխատանքի գիտական հիմնավորվածությունը, նորարարական մոտեցումները և կիրառական նշանակությունը։

 

Ալբերտ Շահինյան․

 

«Այս աշխատանքով փորձել եմ անդրադառնալ շատ կոնկրետ և արդիական խնդրի՝ ջրիսակավությանը։ Ինձ համար կարևոր էր ցույց տալ,որ նույնիսկ համեմատաբար պարզ մեթոդների կիրառմամբ հնարավոր է հասնել լուրջ և չափելի արդյունքների։

 

Գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ մենք կարողացանք էապես բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման արդյունավետությունը, և համոզված եմ, որ այս մոտեցումը կարող է հետագայում կիրառվել նաև գործնական, իրական մակարդակում։

 

Առանձնահատուկ ոգևորությամբ կուզեի նշել իմ համագործակցությունը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀԱՊՀ գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի հետ, որը ինձ համար դարձել է ոչ միայն գիտական ուղեցույց, այլև իսկական ոգեշնչման աղբյուր։ Նրա հետ ներկայումս ակտիվ աշխատանք ենք տանում՝ կառուցելով համակարգի տեսական մոդելը, խորացնելով հետազոտության գիտական հիմքերը և ծրագրելով հետագա փուլերը։ Այս համագործակցությունն ինձ հնարավորություն է տալիս ոչ միայն կատարելագործել առկա արդյունքները, այլև նոր հարթություններում տեսնել հետազոտության հնարավոր զարգացումը»։

 

Աշոտ Խաչատրյան,գիտության գծով պրոռեկտոր․

 

«Ալբերտ Շահինյանի այս ձեռքբերումը պոլիտեխնիկական համայնքի համար մեծ հպարտության առիթ է։ Նրա ներկայացրած աշխատանքն առանձնանում է գիտական խորությամբ, հետևողականությամբ և բարձր արդիականությամբ։  Համոզված ենք, որ հենց նման նորարար մտածողությամբ երիտասարդներն են, որ ձևավորելու են գիտության և տեխնոլոգիաների ապագան։ Համալսարանը շարունակելու է ամբողջ աջակցությունըցուցաբերել Ալբերտին և խրախուսել նրա հետագա հաջողությունները միջազգային հեղինակավոր հարթակներում»։

 

Ալբերտ Շահինյանի հաջողությունը վկայում է, որ հայկական կրթական համակարգում հասունանում են բարձրակարգ, մրցունակ և նորարար մտածողությամբ երիտասարդ գիտնականներ, որոնք ի վիճակի են արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։ Նրա ընտրությունը Regeneron ISEF միջազգային մրցույթին մասնակցելու համար ոչ միայն անձնական նշանակալի ձեռքբերում է, այլև կարևոր քայլ՝ Հայաստանի գիտական ներուժը աշխարհին ներկայացնելու և երկրի անունը հեղինակավոր գիտական քարտեզի վրա ամրագրելու ուղղությամբ։



#ստեմնյուզ#նորություններ#տեղական#գիտություն#պոլիտեխնիկ#հապհ#regeneronisefգիտականմրցույթ#ալբերտշահինյան#աշոտխաչատրյան