Հեյզենբերգի անորոշության սկզբունքը՝ քվանտային հեղափոխության հիմքը

Ներածություն․ պատմական հեղաշրջում
Հեյզենբերգի անորոշության սկզբունքը հեղափոխական փոփոխություն էր ֆիզիկայում։ Նախքան այս սկզբունքի հայտնագործումը‚ գիտնականները կարծում էին‚ թե հնարավոր է ճշգրիտ չափել ցանկացած ֆիզիկական մեծություն։
Հայտնագործության էությունը
Վերներ Հեյզենբերգը (1901-1976) 1927 թվականին ապացուցեց‚ որ միկրոաշխարհում գործում են այլ օրենքներ։ Նա ցույց տվեց‚ որ անհնար է միաժամանակ ճշգրիտ իմանալ մասնիկի դիրքն ու արագությունը ‹իմպուլսը›։ Սա նշանակում է՝ որքան ճշգրիտ ենք չափում մասնիկի գտնվելու տեղը‚ այնքան անորոշ է դառնում նրա արագությունը‚ և հակառակը։
Առօրյա օրինակով բացատրություն
Պատկերացնենք՝ փորձում ենք լուսանկարել շատ արագ սլացող գնդակ։ Եթե ցանկանում ենք հստակ տեսնել գնդակի դիրքը‚ պետք է օգտագործենք կարճ էքսպոզիցիա՝ փականի արագ բացում-փակում։ Սակայն այդ դեպքում գնդակի շարժման պատկերը կլղոզվի‚ և մենք չենք կարողանա ճշգրիտ որոշել նրա արագությունը։ Քվանտային մեխանիկայում այս երևույթն ունի ավելի խորը բնույթ և կապված է մասնիկների ալիքային հատկությունների հետ։

Փիլիսոփայական հետևանքներ
Այս հայտնագործությունը խախտեց դասական ֆիզիկայի հիմնարար սկզբունքը՚ «դետերմինիզմը»‚ ըստ որի՝ իմանալով համակարգի ներկա վիճակը‚ կարելի է ճշգրիտ կանխատեսել նրա ապագան։ Քվանտային անորոշությունը ցույց տվեց‚ որ բնության մեջ կան հիմնարար սահմանափակումներ‚ որոնք անհնար է շրջանցել։
Այս հայտնագործությունը հանգեցրեց նաև խորը փիլիսոփայական հարցադրումների։ Եթե միկրոաշխարհում անհնար է ճշգրիտ չափել որոշ մեծություններ‚ ապա արդյո՞ք գոյություն ունի օբյեկտիվ իրականություն մեր դիտարկումներից անկախ։ Այս հարցը դարձավ բուռն քննարկումների առարկա Էյնշտեյնի և Բորի միջև‚ որտեղ Էյնշտեյնը պնդում էր‚ որ «Աստված չի խաղում զառեր»‚ իսկ Բորը պաշտպանում էր քվանտային մեխանիկայի հավանականային մեկնաբանությունը։

Գործնական նշանակություն
Չնայած իր խորը փիլիսոփայական իմաստին՝ անորոշության սկզբունքն ունի նաև գործնական կիրառություններ։ Այն հիմք է հանդիսանում ժամանակակից էլեկտրոնիկայի ‹կիսահաղորդիչներ›‚ քվանտային հաշվողական տեխնիկայի և նյութագիտության զարգացման համար։ Օրինակ՝ «տրանզիստորների» աշխատանքը հիմնված է էլեկտրոնների քվանտային վարքի վրա‚ որը նկարագրվում է Հեյզենբերգի սկզբունքով։
Եզրակացություն
Այսպիսով‚ անորոշության սկզբունքը ոչ միայն փոխեց մեր պատկերացումները տիեզերքի մասին‚ այլև դարձավ նոր տեխնոլոգիաների զարգացման հիմք։
Հոդվածի գլխավոր պատկերը խորհրդանշում է քվանտային անորոշությունը
Հեղինակ՝ Գևորգ Զադոյան։




