Գիտնականներին հաջողվել է մարդու մաշկի բջիջները երիտասարդացնել մոտ 30 տարով

Գիտնականներին հաջողվել է մարդու մաշկի բջիջները երիտասարդացնել մոտ 30 տարով

Քեմբրիջի Բաբրահամ ինստիտուտի գիտնականները գրանցել են աննախադեպ հաջողություն ռեգեներատիվ բժշկության ոլորտում՝ մարդու մաշկի բջիջները կենսաբանորեն երիտասարդացնելով մոտ 30 տարով: Այս նորարարական ձեռքբերումը հնարավոր է դարձել «հասունացման փուլի անցումային վերածրագրավորում» (MPTR) կոչվող նոր մեթոդի շնորհիվ, որը թույլ է տալիս հետ պտտել բջիջների կենսաբանական ժամացույցը՝ միաժամանակ պահպանելով դրանց մասնագիտացված ֆունկցիաները: Ի տարբերություն ցողունային բջիջների ստացման ավանդական մեթոդների, որոնք ամբողջությամբ ջնջում են բջջի ինքնությունը, այս մոտեցումը մասնագետներին հնարավորություն է ընձեռում երիտասարդացնել հյուսվածքները՝ առանց դրանց նախնական բնույթը վնասելու:

 

Այս տեխնոլոգիան հիմնված է Նոբելյան մրցանակի դափնեկիր Շինյա Յամանակայի բացահայտած չորս առանցքային մոլեկուլների՝ Յամանակայի գործոնների (Yamanaka factors) վրա: Սովորաբար, բջիջների ամբողջական վերածրագրավորման և դրանք ցողունային վիճակի բերելու համար պահանջվում է շուրջ 50 օր, ինչը ենթադրում է նախնական ֆունկցիաների կորուստ: Սակայն այս հետազոտության շրջանակներում գիտնականները միջին տարիքի դոնորներից վերցված մաշկի բջիջները (ֆիբրոբլաստները) ենթարկել են Յամանակայի գործոնների ազդեցությանը ընդամենը 13 օր: Այս հաշվարկված կարճաժամկետ ազդեցությունը բավարար է եղել մաքրելու տարիքային փոփոխությունների հետքերը, որից հետո, սովորական պայմաններում աճելով, բջիջները վերականգնել են իրենց ինքնությունը որպես մաշկի բջիջ:

 

Էպիգենետիկ ժամացույցի և տրանսկրիպտոմի (բջջի կողմից արտադրվող գեների ամբողջության) չափումները ցույց են տվել, որ վերածրագրավորված բջիջները համապատասխանում են իրենց սկզբնական վիճակից 30 տարով ավելի երիտասարդ բջիջների պրոֆիլին: Ավելին, դրանք սկսել են ակտիվորեն գործել որպես երիտասարդ հյուսվածքներ՝ զգալիորեն ավելացնելով կոլագենի արտադրությունը։

 

Գիտական այս առաջխաղացումը աշտ կարևոր էռեգեներատիվ բժշկության զարգացման ճանապարհին և նոր հորիզոններ է բացում հակատարիքային գիտության (anti-aging science) համար: Թեև տեխնոլոգիան դեռևս գտնվում է հետազոտական փուլում, այն գործնականում ապացուցում է, որ հնարավոր է առանձնացնել երիտասարդացման գործընթացը բջջային ինքնության կորստից: Եթե հետագա ուսումնասիրությունների ընթացքում հնարավոր լինի այս մոտեցումը հաջողությամբ կիրառել նաև մարդկային այլ բջիջների ու հյուսվածքների վրա, դա կհանգեցնի աննախադեպ թերապևտիկ մեթոդների ստեղծմանը, որոնք ապագայում ի զորու կլինեն վերականգնել ծերացած կամ վնասված օրգանները հենց բջջային մակարդակում։


Տե՛ս 
աղբյուրը։


#ստեմնյուզ#նորություններ#միջազգային#գիտություն#ցողունայինբջիջներ#երիտասարդացում#ռեգեներատիվբժշկություն#քեմբրիջիհամալսարան