Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետ

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել NVIDIA ընկերության Global AI Infrastructure Growth փոխնախագահ Նիկո Կապրեզի, ինչպես նաև Firebird AI-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի հետ, հաղորդում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։
Քննարկումների ընթացքում կողմերը ուսումնասիրել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում։
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը նպատակ ունի առաջիկա երեք տարում դառնալ լիովին թվայնացված երկիր։ Նրա խոսքով՝ NVIDIA տեխնոլոգիաների վրա հիմնված սուպերհամակարգչային կլաստերների գործարկումը կարևոր քայլ է այդ նպատակի իրականացման և երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։
Նա նաև անդրադարձել է Էկիբաստուզ քաղաքում նախատեսվող «Data Center Valley» ռազմավարական նախագծին, որի նպատակն է ստեղծել հզոր հաշվարկային ենթակառուցվածք՝ մատչելի էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության և հարկային արտոնությունների պայմաններում ներդրողների համար։
Նշենք նաև, որ Ղազախստանում քննարկվել է շուրջ 250 մեգավատ հզորությամբ գերհամակարգչային կենտրոն ստեղծելու հնարավորությունը։
NVIDIA-ի և Firebird AI-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, ներկայացրել են Հայաստանում իրականացվող նմանատիպ նախագծի մասին տեղեկատվություն։
Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են ուսումնասիրել արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Firebird AI ընկերությունը Հայաստանում արդեն սկսել է գերհամակարգչային կենտրոնի կառուցումը, որի երկու փուլերի արդյունքում նախատեսվում է ունենալ NVIDIA ընկերության շուրջ 50000 GPU-ներով հագեցած ենթակառուցվածք։







