NASA-ի «Վոյաջեր 1» տիեզերանավը պատմական նոր ռեկորդ է սահմանում

NASA-ի լեգենդար «Վոյաջեր 1» տիեզերանավը, իր արձակումից գրեթե 50 տարի անց, պատրաստվում է կրկին պատմություն կերտել՝ դառնալով մարդակերտ առաջին օբյեկտը, որը Երկրից կհեռանա լիարժեք մեկ լուսային օր հեռավորության վրա: Այս տարածությունն այնքան հսկայական է, որ դրա հաղթահարման համար լույսից պահանջվում է 24 ժամ, մինչդեռ տիեզերանավին հասնելու համար անհրաժեշտ եղավ կես դար:
2026 թվականի նոյեմբերի 15-ին «Վոյաջեր»-ը կհասնի Երկրից 16 միլիարդ մղոն հեռավորության՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ տիեզերքի հետազոտության պատմության մեջ: 1977 թվականին արձակված սարքը շարունակում է գործել իր նախատեսված առաքելության ժամկետներից շատ ավելի երկար՝ միջաստղային տարածությունից Երկիր ուղարկելով ազդանշաններ և իր հետ կրելով մարդկության հետաքրքրասիրությունը, գիտական տվյալներն ու Տիեզերքին ուղղված ողջույնի ոսկե սկավառակը:
Այս ձեռքբերումը պարզապես թվային ցուցանիշ չէ. այն մեր հնարավորությունների և սահմանափակումների սթափ արտացոլումն է: Անգամ 38,000 մղոն/ժամ արագությամբ շարժվելու դեպքում «Վոյաջեր»-ից կպահանջվի 40,000 տարի՝ հասնելու Արեգակի գրավիտացիոն ազդեցության եզրին, որը գտնվում է գրեթե երկու լուսային տարի հեռավորության վրա:
Այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է տիեզերքի անծայրածիրությունն ու այն, թե իրականում որքան հեռու են գտնվում նույնիսկ մեր ամենամոտ աստղային հարևանները: Այդուհանդերձ, «Վոյաջեր»-ի ճամփորդությունը շարունակում է ոգեշնչել սերունդների՝ ապացուցելով, որ անգամ փոքր սարքերը կարող են ուսումնասիրել անվերջությունը, եթե կա բավարար նպատակասլացություն և հաստատակամություն:
Տե՛ս աղբյուրը։




