Գագարինում բացվեց Eleveight AI ընկերության՝ տարածաշրջանում առաջին ԱԲ գործարանը. միջոցառմանը մասնակցում էր նաև ԲՏԱ նախարարը

Հունիսի 1-ին Գագարինում պաշտոնապես գործարկվել է տարածաշրջանում առաջին և աշխարհում եզակի «Eleveight AI» ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը՝ ԱԲ գործարանը։ Բացման արարողությանը, որին ներկա էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ազդարարվել է պետության ռազմավարական նպատակը՝ Հայաստանը տեխնոլոգիաներ սպառողից վերածել դրանք ստեղծող երկրի և հիմնել տարածաշրջանային «ԱԲ գործարանների պարտեզ»։
«NVIDIA Blackwell B300» տեխնոլոգիայի վրա հիմնված այս գերհամակարգչային ենթակառուցվածքի առաջին փուլի ներդրումային ծավալը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 50 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում։ Կենտրոնն առանձնանում է էկոլոգիապես մաքուր գործառնական մոդելով. այն աշխատում է «Zero Chemical Footprint» սկզբունքով, օգտագործում է փակ ցիկլով ջրային հովացման համակարգ և ապահովված է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, ինչը միջազգային ընկերություններին թույլ կտա հեշտությամբ գործարկել իրենց գեներատիվ ԱԲ մոդելները Հայաստանում։
Կարևորելով տեղական մասնագիտական ու ինժեներական ներուժի զարգացումը՝ «Eleveight AI»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտարարել է ընկերության ռեսուրսների նպատակային տրամադրման մասին։ Ընդհանուր հաշվարկային հզորությունների մինչև 20 տոկոսը հասանելի է դարձվելու հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին և ոչ առևտրային նախաձեռնություններին, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տեղական ստարտափ էկոհամակարգի և գիտակրթական ոլորտի առաջընթացի համար։
Միջոցառման շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը։ Համագործակցությունը նախատեսում է ոչ միայն ԱԲ լուծումների ինտեգրում պետական կառավարման համակարգում և ամպային ծառայությունների զարգացում, այլև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) հիմնում, որը կմիավորի կրթական ու հետազոտական նախաձեռնությունները՝ բարձրացնելով ոլորտի միջազգային տեսանելիությունը:




